Search This Blog

Sunday, February 21, 2010

Exploring Արմավիր


Հունվարի վերջին օրը որոշեցինք նվիրել Արմավիրի մարզին:
Առաջին հերթին հասանք Արգիշտիխինիլիի ավերակներին, տեսանք հնագետ Հարություն Մարտիրոսյանի հուշաքարը, տեսանք նաև, որ ուրարտական քաղաքի ավերակներն օգտագործվում էին մեր զինվորականների կողմից որպես զորավարժությունների վայր, կարծես էլ բլուր չկար…ամոթ:
Հետո ուղևեորվեցինք Արմավիր բլուր, նայեցինք նոր բացված ուրարտական տաճարը, փորձեցինք գտնել հին հունարեն արձանագրությունը բլրի լանջին, բայց ապարդյուն: Իսկ բլրի ամբողջ շրջանով եզդիական գերեզմանոցներ էին, որոնք կամաց-կամաց եկել գրավել էին բլրի ստորոտն ու շարունակում էին բարձրանալ…
Հետ դարձին մտանք Սարդարապատի թանգարան, որտեղ նոր ցուցադրություն էր բացվել Ապարանի, Ղարաքիլիսայի և իհարկե Սարդարապատի հերոսամարտերին նվիրված: Ըստ թանգարանի` մեր առաջին հանրապետությունը ստեղծվել է 1919թ-ին J Իհարկե հարուստ նյութ կար տարբեր հնավայրերից, սակայն ամենահարուստը Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած թանգարանի շենքն էր…
Մտանք նաև Մեծամոր, տեսանք աստղադիտարանը, ճահիճները, մտանք թանգարան, իջանք նաև «ոսկե ֆոնդ» ու տեսանք հանրահայտ ոսկե գորտը...

Exploring Արագածոտն

2010 թվականի հունվարի 17-ին առաջին անգամ որոշեցինք ինքնագլուխ մեկնել թավաքյալի ճամփորդության: Նպատակը Արագածոտնի մարզի հուշարձաններին քիչ թե շատ ծանոթանալն էր: Մի Ֆորդ վարձեցինք ու առավոտ կանուխ պոկվեցինք...
Թալին չհասած կանգ առանք, որ նայենք Զաքարի բերդը: Բերդ կոչվածը մայրուղու աջ և ձախ կողմերում մի քանի պատ-պարիսպների մնացորդներ էին, որոնք մեր ականավոր ճանապարհաշինարարները պայթեցրել էին և փռել Երևանից Թալին տանող ասֆալտը...
Հասանք Թալինի Կաթողիկե, որը եռախորան գմբեթավոր բազիլիկ է` կիսաքանդ վիճակում: Հետո հասանք Մաստարա` ս.Հովհաննեսը, գնացինք Դաշտադեմի ամրոց, որը վերականգնել էին ու նմանեցրել 21-րդ դարի չգիտեմթեինչի…
Հետ դառնալիս մտանք Արուճ, էս տաճարը գմբեթավոր դահլիճ տիպին է պատկանում, խորանին պահպանված էին որմնանկարներ, իսկ տաճարի պատուհանները “եվրո” էին…
Կոշ մտնելը պլաններում չկար, հանպատրաստից մտանք ու չփոշմանեցինք, մի երկու անշուք եկեղեցի կար, բայց բարձունքում դղյակ-ամրոցն էր` բավականին լավ պահպանված կիսակլոր աշտարակներով:
Ինչպես ասում են, լավագույնը ամենավերջում: Այցելեցինք Ագարակի պատմահնագիտական արգելոց: Վերջինս, բախտի բերմամբ, այնքան էլ հայտնի չի Հայաստանի բազմատիպար տուրիստական կազմակերպություններին…Դիտեցինք վաղ բրոնզե դարի բնակատեղին, պաշտամունքային ժայռահարթակները, գինու տառապանները, “աստղադիտարանը” և իհարկե ներխուժեցինք ուրարտական ժայռափոր դամբարան…
Իմիջիայլոց, այստեղով էլ էին ճանապարհաշինարարներ անցել ու հուշարձանի մեծ ժայռը մեջտեղից կիսել (սովետի տարիներին):
Հասցրինք մտնել նաև Աղցքի Արշակունյաց դամբարան, ինչպես նաև Ագարակ գյուղի 5-րդ դարի միանավ բազիլիկ: